Մարդ լինելը նույնն է, ինչ որ պատասխանատու լինելը: Իսկ սա նշանակում է, որ պետք է ամոթ զգաս, երբ տեսնում ես ոչնչով չարժանացած տառապանքը:

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

Տարեցների տան կառուցմամբ իրականացվում է հայաստանում հիմնադրամի մի գլխավոր բարեգործական նախագիծ, որի նպատակն է տարեց մարդկանց արժանավայել պայմաններում ապրելու հնարավորություն տալը:

ՆԱԽԱԳԻԾՆ ՈՒ ՀԻՄՆԱԴԻՐԸ

«Վորտիկ Գուլբենկյան» տարեցների խնամքի տունը իր դռները բացել է 2018 թվականին՝ Գյումրիից 5կմ հեռավորության վրա գտնվող Ախուրյան գյուղում՝ Արագած լեռան տեսարանով,որը զբաղեցնում է 4000 քմ տարածք։ Կենտրոնում այս պահին դեռ 13 շահառու է ապրում։ Նախատեսվում է նրանց թիվը հասցնել 40-ի։ Գերմանահայ Ալբերտ Սեվինսը՝ բարերար Վորտիկ Գուլբենկյանի թոռը, երանելի ծերությունն իրականություն է դարձրել 13 թոշակառու տատիկ և պապիկի համար:

Քանի որ Շիրակի մարզում հիմնականում տարեցներն իրենց կյանքի վերջին տարիներն անցկացնում են խիստ անբարենպաստ պայմաններում՝ միայնակ, հիվանդ ու աղքատ, հիմնադրի սրտի ցանկությունն է փոխել իրավիճակը: Այսօր, հենց նրա ջանքերով, Գյումրիում կարիքավոր մարդկանց համար իսկական մեծ հայկական ընտանիք է ստեղծվել։

1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից տուժած, տնակում հայտնված ու այսօր մենակ մնացած ծերերի համար «Վորտիկ Գուլբենկյան» խնամքի կենտրոնն իսկական տուն է դարձել։ Այն մարդկանց , որոնց թվում էր, թե հրաշքներ չեն լինում, օրերն անգույն են, իրենք ոչ մեկին պետք չեն, իսկ կյանքն անհետաքրքիր է, «Վորտիկ Գուլբենկյան» խնամքի կենտրոնում այլ բան է սպասվում՝ հոգատար խնամակալներ, հարմարավետ սենյակներ, համեղ ուտեստներ, հանգստի սենյակներ, կինոթատրոն, էքսկուրսիաներ։
Համալիրն ընդգրկում է երեք տուն՝ մեկ հարկանի, որոնք խոչընդոտներից զատ են։ Յուրաքանչյուր տան մեջ կա 10 սենյակ՝ նախատեսված մեկից երկու անձանց համար եւ սանհանգույցներ։ Բացի այդ, տներում կան ընդունարան, նստելու անկյուն, խոհանոց և մի քանի ճաշասեղան ։ Ի դեպ, կաթը կենտրոնը գնում է Ախուրյանի գյուղացիներից՝ նպատակ ունենալով զարգացնել իրենց հարևանների գործունեությունը, ինչու չէ նաև ջերմ հարաբերություններ ստեղծել նրանց հետ։ Գնված կաթից մածունը պատրաստում են անմիջապես կենտրոնի աշխատակիցները։

Տարեցների բնակության վայրի բարձր որակի կողքին համալիրն առաջարկում է նաեւ այգում հանգստի հնարավորություն։ Ընդհանուր օգտագործման բոլոր տարածքներից արահետներ կան դեպի այգի։ Այգին կարող է օգտագործվել նաեւ բացօթյա հանդիպումների համար, ինչպես նաև համերգների կազմակերպման, թատրոնի ներկայացումների , կինո ցուցադրությունների և պարային երեկոների համար։ Դրանով տարեցներին հնարավորություն կտրվի հանդիպել երիտասարդների հետ, զրուցել, հետաքրքիր ժամանակ անցկացնել։ Հիմնադիրը տարեց մարդկանց առաջարկում է բնակավայր, որտեղ նրանք կխնամվեն ու կկարողանան արժանի սոցիալական կյանքով ապրել։
Կենտրոնը պատրաստ է ձեռք մեկնել Հայաստանի ցանկացած կետում բնակվող բոլոր այն մեծահասակներին , ովքեր իսկապես ունեն դրա կարիքը։ Եվրոպական չափորոշիչներին համապատասխան ՝կենտրոնում ստեղծված են երջանիկ ու անհոգ ապրելու բոլոր հնարավորությունները։

Անհրաժեշտ է, որ տարեցների տան ստեղծումով հիմնադրի պապիկի հիշատակը վառ մնա։ Թո՛ղ որ անվանատու Վորտիկ Գուլբենկյանի բարությունն ու խիղճը միշտ ուղեկցեն ծեր մարդկանց ու «Ալբերտ Սեվինս» հիմնադրամի միջոցով անմահ մնան։

«Ալբերտ Սեվինս» հիմնադրամի կայքը

Nach oben scrollen Menü